Օխոտս ծովում «Վոստոկ ռիֆեր» նավից ուղեւոր է կորել: Դեպքի մասին լուրն ստացվել է հուլիսի 6-ին`  «Յուժնո-Սախալինսկ» Ծովային փրկարարահամակարգող կենտրոնից:

Կորածը Խաղաղօվկիանոսյան գիտահետազոտական ձկնորսական տնտեսության կենտրոնի (ԽԳՀՁԿ կենտրոն) երիտասարդ գիտնական Ալեքսանդր Մալուխինն է: Հինգշաբթի նրան պետք է ուղարկեին  «Պասիֆիկ օրիոն» խեցգետիններ որսացող նավ, սակայն նավերի հանդիպումից հետո նրան գտնել չեն կարողացել, հաղորդում է  «vesti.ru»-ն: Դեպքը տեղի է ունեցել բաց ծովում` Սախալինի հյուսիսարեւելյան ծովափից 50 մղոն հեռավորության վրա: 

Երկու նավերն էլ 15 ժամ որոնել են կորածին, սակայն` անարդյունք: Ներկայումս որոնումները շարունակում են անցնող նավերը, անհետացած մարդու մասին տեղյակ է նավահանգստում աշխատող ամբողջ անձնակազմը: