Լիբիայում խորհրդարանական ընտրությունները կարող են ձախողվել երկրի արեւելքում:  Բենգազիում եւ Աջաբիում լայն ինքնավարության կողմնակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի տապալեն քվեարկությունը:

Բենգազիում եւ Աջաբիում այրվել են ընտրական հանձնաժողովների շենքերը, որոնցում պահվում էին քվեաթերթիկները: Իշխանություններն արդեն հայտարարել են, որ եթե մինչեւ երկուշաբթի փաստաթղթերը չվերականգնվեն, ապա այդ քաղաքներում քվեարկությունը կհետաձգվի, հաղորդում է «Նոր տարածաշրջանը»:

Հուլիսի 5-ի երեկոյան նրանք զավթել էին նավթային հանքահորերի համալիրը եւ ստիպել աշխատողներին դադարեցնել աշխատանքը: Դադարեցվել է նաեւ Ռաս Լանուֆայից 35 կմ հեռավորության վրա գտնվող կարեւորագույն ծովային նավահանգիստ Ալ Սինդրայի աշխատանքը:

Լիբիան դաշնային պետության վերածելու կողմնակիցները դժգոհ են, որ կառավարությունը խորհրդարանում տեղերը բաշխել է ըստ  երկրի տարբեր մասերում բնակչության քանակի: Արդյունքում հեղափոխական արեւելքն ստացել է 40 տեղ`ավելի քիչ, քան հարավային եւ արեմտյան նահանգները, որոնք մինչեւ վերջ պահվել էին  Քադաֆիի կողմնակիցների կողմից:

Նախօրեին Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը եկրում արտակարգ դրություն էր հայտարարել մինչեւ հուլիսի 7-ը:

Հուլիսի 7-ին լիբիացիները պետք է Գլխավոր ազգային կոնգրեսի պատգամավորներ ընտրեն, որը կփոխարինի ինքնանշանակված ԱԱԽ-ին: 200 մանդատների համար առաջադրվել են 1206 մարդ կուսակցական միավորումներից եւ 2501 անկախ թեկնածու: Լիբիայում ընտրելու իրավունք ունեն 2,8 միլիոն մարդ: