7 մարդ սպանած հանիբալների աղանդը տապալել է Պապուա Նոր Գվինեայի ընտրությունները: Ընտրությունները մեկ շաբաթով հետաձգվել են, քանի որ Մադանգ քաղաքի եւ շրջակայքի բնակիչները վախից չեն եկել ընտրատեղամասեր:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ սպանություններին մասնակից են այսպես կոչված կարգո-պաշտամունքի ներկայացուցիչները: Սակայն 29 ձերբակալվածները, որոնց շարքում նույնիսկ 13-ամյա դեռահաս է եղել, պատմել են, որ սպանության պատճառ է հանդիսացել կախարդությունը: Նրանց զոհերը` 5 տղամարդ եւ 2 կին, սեւ մոգությամբ են զբաղվելիս եղել, գրում է The Daily Telegraph-ը: Բոլոր ձերբակալվածները հանիբալներ են, կարծում է հետաքննությունը:
Ոստիկանությունում նաեւ ճշտել են, որ սկզբնապես տվյալ պաշտամունքի նպատակը եղել է հիվանդ մարդկանցից փող պահանջող ինքնակոչ կախարդներին զսպելը: Սակայն ժամանակի ընթացքում ակտիվիստներն սկսել են հավատալ, որ իրենք հատուկ իրավունքներ ունեն եւ սկսել են սպանել մարդկանց, որոնց մոգության մեջ են կասկածել: Ըստ նրանց` կախարդներին իրենց ցույց են տվել հոգիները: Հետագայում նրանք սկսել են նաեւ ուտել իրենց զոհերի մարմինները:




























