Երեկ` հուլիսի 5-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում Հայաստանի հյուպատոսարանի առջեւ բողոքի մեծ ցույց է կայացել, որի մասնակիցները պահանջել են խստագույնս պատժել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին դաժան ծեծի ենթարկած անձանց եւ նրանց ուղղորդողներին:
Գլենդելի մեր աղբյուրների փոխանցմամբ, ցույցին մոտ 3 հարյուր մարդ է մասնակցել, որոնք փորձել են Ռուբեն Հայրապետյանին պատժելու պահանջով դիմում հանձնել հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին: Հյուպատոսարանը սակայն փակ է եղել եւ աշխատակիցներից ոչ ոք չի վերցրել նամակը: Շենքի վրա ամրացված ցուցանակի վրա գրված է եղել, որ ԱՄՆ Անկախության տոնի եւ Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ հյուպատոսարանը չի աշխատելու հուլիսի 4-ից մինչեւ 8-ը:
Ցուցարարները պահանջել են արմատախիլ անել օլիգարխիան Հայաստանում, եւ հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, այդ թվում ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:




























