Քրդական միասնական պետության ստեղծումն անհնար է: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական Cumhuriyet թերթի հետ հարցազրույցում: Չի բացառվում որ հայտարարությունը  պայթուցիկի ազդեցություն ունենա առանց այն էլ արյունահեղ պայքարի  մեջ գտնվող երկրում: 

«Չեմ կարծում որ որեւէ երկրում նման տարանջատում տեղի ունենա: Սակայն եթե անգամ դա տեղի ունենա, ապա այդ դեպքում էլ կձեւավորվեն  մի քանի քրդական պետություններ», - սիրիական առաջնորդի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ասադը կարծում է, որ յուրաքանչյուր էթնիկական խումբ կամ շրջան իր համար սեփական պետություն կցանկանա: Ըստ նրա` պետք է ջանքեր գործադրել ոչ թե առանձին պետական ձեւավորումների առանձնացման համար, այլ վերամիավորման:

Թուրքական թերթի հետ հարցազրույցում Բաշար Ասադն անդրադարձել է նաեւ Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարի հարցին:  Նա կտրականապես ժխտել է այն լուրերը, որ Դամասկոսն օգնում է նրանց պայքարել Թուրքիայի դեմ: 

«Եթե դրա ապացույցն ունեն, ապա թող ներկայացնեն: Թուրքիան արդեն 30 տարուց ավելի է պայքարում է ՔԲԿ-ի դեմ: Ես ինչո՞ւ պետք է միջամտեմ», - ասել է Ասադը: