Քաթարի կառավարության ղեկավար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Թանին հուլիսի 6-ին Փարիզում «Սիրիայի ընկերների խմբին» կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին շրջանցելով գործել:
«Կարո՞ղ ենք մենք ինչ-որ բան անել ԱԽ-ի շրջանակներից դուրս: Այո: Գործել ենք երբեւէ` շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: Այո, եւ կան շատ օրինակներ», - հայտարարել է Քաթարի վարչապետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա ավելացրել է, որ իր երկիրը «պատրաստ է մասնակցել ցանկացած գործողության, որպեսզի սիրիական ժողովրդին ազատի տանջանքներից, որոնցից ներկայումս նա տառապում է»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր Փարիզում տեղի է ունենում «Սիրիայի ընկերների խմբի» երրորդ հանդիպումը:
Կոնֆերանսի մասնակիցները կողմ են գալիս Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը եւ Ասադի հրաժարականին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է ընդդիմությանն ապահովել հաղորդակցման միջոցներով եւ հումանիտար օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը մասնակիցներին կոչ է արել Սիրիան դարձնել ոչ չվերթային գոտի:




























