Խորտակված Costa Concordia նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն իրեն անվանել է նավի փրկիչ: Իր փաստաբաններին ուղղված նամակում նա գրել է, որ իրեն առավելագույնս ճիշտ է պահել նավը ժայռին բախվելուց հետո:

Սկետինոյի խոսքով` վթարի պահին նա երեք հրահանգ է տվել. Փակել հերմետիկ դռները, ղեկանիվն ուղիղ պահել եւ բոցմանին ուղարկել անհրաժեշտության դեպքում խարիսխ գցելու: Իր վերջին մանեւրը` առանց խարիսխ գցելու դեպի ափ թեքված կանգնելը Սկետինոն բնորոշել է իբրեւ բացառիկ, որը թույլ տվեց խուսափել նավի ավելի շատ վնասվածքներից:  «Դա իմ զգայունությունն էր, վարպետությունը, ծովը ճանաչելու կարողությունը », - ասել է Սկետինոն, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

Հիշեցնենք, որ Costa Concordia-ն խորտակվել էր հունվարի 14-ին` իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ: Զոհվել էր 32 մարդ: Նավապետ Սկետինոյին մեղադրում են, որ նա շատ ուշ է վթարի ազդանշան տվել եւ անմիջապես չի սկսել ուղեւորների տարհանումը: Մինչեւ հուլիսի 5-ը նավապետը գտնվել է տնային կալանքի տակ: