ԵՄ-ի դիվանագիտական ծառայությունն ուսումնասիրում է Սիրիայի փաստաթղթերը, որոնք հրապարակվել էին WikiLeaks քաղաքական բացահայտումների կայքի կողմից: Այդ մասին հուլիսի 6-ին հայտնել է Մայքլ Մենը` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ կայքը հայտարարել էր, որ երկու ամսվա ընթացքում մտադիր է հրապարակել ավելի քան 2,4 միլիոն էլեկտրոնային փաստաթուղթ եւ նամակ, որոնք պատկանում են Սիրիայում իշխանության տարբեր կառույցների:
«Մենք դրանք ուսումնասիրել ենք, որ հասկանանք` ինչ է կատարվում: Տվյալ պահին ես ոչինչ չեմ կարող հաստատել», - Բրյուսելում լրագրողներին ասել է Մենը, նշելով, որ, ըստ տեղեկության, մի շարք եվրոպական ձեռնարկություններ, մասնավորապես` իտալական, Սիրիա սարքավորումներ են մատակարարում` խախտելով ԵՄ-ի` Սիրիայի նկատմամբ կիրառած բեռնարգելքը:
Հուլիսի 5-ին WikiLeaks կայքում հրապարակվել էր սիրիական հեռահաղորդակցման ընկերության աշխատակիցների նամակագրությունը կապի մատակարար Selex Elsag-ի հետ, որն իտալական Finmeccanica հոլդինգի ստորաբաժանումն է:
Բրիտանական Guardian թերթը, հղում անելով իտալական լրատվամիջոցներին, գրում է, որ սիրիական իշխանությունները պնդում են Selex Elsag-ից ռադիոկայաններ ձեռք բերելը: Սակայն ընկերությունը հաշվի առնելով, որ նման տեխնիկան կարող է օգտագործվել պատերազմական նպատակներով, այդ հարցը վերանայման է ուղարկել Իտալիայի կառավարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























