«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնին մասնակից հայ ռեժիսորներից մեկը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնին:
Այս տարի Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ` մասնակցություն Sheffield Doc/Fest 2013 փառատոնին: Հաղթողը կընտրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցչի կողմից: Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու եւ ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական եւ համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
Չարլզ Դիքենսի 200-ամյակի կապակցությամբ Բրիտանական խորհուրդը փառատոնի արտամրցութային «Գիրք եւ կինո» ծրագրի կազմում կներկայացնի «Օլիվեր» բրիտանական մյուզիքլը: «Օլիվեր Թվիստ» վեպի 1968 թվականի այս էկրանավորումն առաջադրվել էր Օսկար մրցանակաբաշխության 11 անվանակարգում` արժանանալով միանգամից վեց Օսկարի, այդ թվում` լավագույն կինոնկար եւ լավագույն ռեժիսորական աշխատանք: «Օլիվեր» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 9-ին Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում , իսկ հուլիսի 12-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:
Բրիտանական խորհուրդն ու «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնում, երեւանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:




























