Ռումինիայի խորհրդարանը հուլիսի 6-ին կողմ է քվեարկել նախագահ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելուն: Կողմ են քվեարկել  432 պատգամավորից 258-ը: Խորհրդականները նշել են, որ վերջին տարիներին երկրում խորացել է տնտեսական ճգնաժամը եւ Բեսեսկուին մեղադրել են, որ պետությունը ղեկավարելիս նրա ձեռնարկած գործողությունները հակասում են Սահմանադրությանը:

Ինչպես տեղեկացնում է  «Միրը», Տրայան Բեսեսկուն Ռումինիայի նախագահն է 2004թ. դեկտեմբերի 20-ից: Մինչ այդ եղել է Բուխարեստի քաղաքապետը: Բեսեսկուի օրոք Ռումինիան Եվրամիության անդամ է դարձել:

Մասնավորապես, Բեսեսկուին մեղադրում են նրանում, որ 2010 ճգնաժամի պայմաններում կիրառել է կոշտ տնտեսման միջոցառումներ: Ըստ էության, նախագահն սկսել է կառավարության ղեկավարի լիազորություններ իրականացնել` հակասելով օրենսդրությանը:

Ամսվա ընթացքում երկրում պետք  է համազգային քվեարկություն անցկացվի,որում կդրվի նախագահին իմպիչմենտ հայտարարելու հարցը:

Տրայան Բեսեսկուին մեկ անգամ արդեն իմպիչմենտ հայտարարել էին 2007 թվականի ապրիլի 19-ին: Պատճառ էին դարձել խորհրդարանական հանձնաժողովի մեղադրանքներն այն մասին, որ իր գործողություններում նա «չարաշահել էր երկրի սահմանադրությամբ իրեն տրված իրավասությունները»: Մեկ ամիս անց հանրաքվե էր տեղի ունեցել Ռումինիայի նախագահի հրաժարականի հարցով: Ըստ նրա արդյունքների` մեծամասնությունը  (75%) ցանկացել էր, որ Տրայան Բեսեսկուն շարունակի  կատարել իր պարտականությունները: