Լիբիայում այսօր` հուլիսի 7-ին, կես դար հետո առաջին անգամ  համաժողովրդական ընտրություններ տեղի կունենան: Բնակիչները պետք է  ընտրեն բաղկացուցիչ ժողովի կազմը, որը կփոխաինի Ազգային անցումային խորհրդին, որը կառավարում է երկիրն նախորդ տարվանից` Մուամար Քադաֆիին տապալելուց հետո:

Ժողովը պետք է ստեղծի հատուկ հանձնաժողով նոր սահմանադրության նախապատրաստման համար, որը պետք է գրվի 4 ամսվա ընթացքում, որից հետո այն հանրաքվեի կդրվի: Եթե բնակչությունը հավանություն տա սահմանադրությանը, երկրում խորհրդարանական նոր ընտրություններ տեղի կունենան եւ կձեւավորվի մշտական կառավարություն:

Ինչպես հայտնել է  «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, լիբիացիները վերջին անգամ ընտրություն կատարել են Իդրիս արքայի օրոք, որին տապալել էր Քադաֆին` 1969 թվականին: 

Ընտրությունները տեղի կունենան անկարգությունների եւ արտակարգ դրության պայմաններում:

Հուլիսի 6-ին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», անհայտ անձինք հրաձգության են ենթարկել ուղղաթիռ Բենգազի քաղաքի շրջակայքում, օդաչուն սպանվել է: ВВС-ն գրում է, որ այն քվեաթերթիկներ է տեղափոխելիս եղել: 

Լիբիայի արեւելքի Բենգազի շրջանում ուժեղ են անջատական խմբավորումների դիրքորոշումները: Ազգային անցումային խորհրդում մտավախություն ունեն, որ այսօրվա քվեարկության տապալումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: