Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է «Սիրիայի բարեկամների խմբի» հերթական նիստը, որը կայացել է Փարիզում` հուլիսի 6-ին, ավելի քան 100 երկրների եւ հիմնականում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ պետություններ, որոնք առնչություն ունեն Սիրիայի եւ նրա ժողովրդի հետ, հրաժարվել են լինել այդպիսի «բարեկամների» շարքում, քանի որ մեր համոզմամբ, նրանց կողմից ընտրված միակողմանի ձեւաչափը ոչ միայն քաղաքական առումով ճիշտ չէ, այլեւ անբարոյական է»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա նաեւ «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը համարել է «կուսակցական համագումարների ոգով անցկացված քարոզչական ներկայացում», որտեղ քննարկվում է Սիրիայի ճակատագիրն առանց նրա հիմնական ներկայացուցիչների, հաղորդում է RBK-ն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալ է համարում երկխոսության անցկացումը Սիրիայի ընդդիմության միայն մի հատվածի հետ, առավել եւս նրանց ֆինանսական աջակցություն խոստանալ եւ ակնարկել ուժային սցենարի հնարավորության մասին, ինչը տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» հանդիպումների ժամանակ: