Պակիստանում գրոհայինները գնդակոծել են ուղեւորատար ավտոբուսը, որի հետենաքով զոհվել է 18 մարդ, եւս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հարձակումը տեղ է ունեցել Բելուջիստանի նահանգի Կեչի շրջանում:

Իրան ուղեւորվող ավտոբուսը կանգ է առել ճանապարհին գտնվող խանութի մոտ, որի ժամանակ էլ հենց կատարվել է հարձակումը:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 6 ահաբեկիչ: Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:

Բելուջիստան նահանգը Պակիստանի ամենաթեժ կետերից մեկն է: Այնտեղ փաստացի առանց խոչընդոտների գործում են ծայրահեղականների բազմաթիվ խմբավորումներ, այդ թվում «Ալ-Կաիդայի» գրոհայինները: