Համաշխարհային ճանաչում ունեցող գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը տառապում է ծերունական տկարամտությամբ: Այդ մասին հաղորդել է նրա եղբայր Խայմեն: Նա հայտարարել է, որ «Հարյուր տարվա մենության» հեղինակը հիշողության հետ խնդիրներ ունի:

«Երբեմն ես լալիս եմ, որովհետեւ այնպիսի զգացում ունեմ, որ կորցնում եմ նրան: Նա ֆիզիկապես լավ վիճակում է, բայց արդեն վաղուց մոտը տկարամտություն է սկսվել: Միաժամանակ եղբայրս պահպանել է հումորը, խանդավառությունը եւ կենսասիրությունը»,-ասել է Խայմեն Կարթագեն քաղաքում ուսանողների առջեւ ելույթի ժամանակ: Միաժամանակ, նա նշել է, որ այսօր էլ «Գաբրիելի հետ կարելի է շփվել, եւ նա մեծ ուրախությամբ եւ ոգեշնչված է խոսում, ինչպես որ նախկինում էր, նա միշտ շատ է կատակում»:

Սակայն 85-ամյա գրողն այլեւս չի ստեղծագործում:

Ինչպես հիշեցնում է NEWSru.com-ը, «Հարյուր տարվա մենությունն» «սկսում է մի ընտանիքի նկարագրությամբ, որն անկարող է հոգ տանել տկարամիտ պապի մասին:

1989թ. Մարկեսի թոքերում քաղցկեղային ուռուցք էր հայտնաբերվել, իսկ 1992թ. նրան վիրահատել էին: 1999թ. նրանում ուռուցքաբանական այլ հիվանդություն էին գտել`լիմֆոմա: Դրանից հետո Մարկեսն ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում երկու բարդ վիրահատության էր ենթարկվել եւ բուժման երկար կուրս ստացել:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կուլումբիացի հայտնի արձակագիր է, լրագրող, հրատարակիչ եւ քաղաքական գործիչ, 1982թ. Նոբելյան գրական մրցանակի դափնեկիր, գրական «մոգական ռեալիզմ» ուղղության ներկայացուցիչը եւ XX դարի  լատինամերիկյան եւ միջազգային արձակի ռահվիրան: Գրողի վերջին վեպը` «Իմ տխուր պոռնիկների հուշերը» վերնագրով, լույս է տեսել 2004թ.: