Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի չորս թեկնածուներից մեկի քարոզարշավը մնացածներից ավելի պասիվ է ընթանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի անկուսակցական թեկնածու Վալերի Խաչատրյանը` ընդգծելով, որ խոսքը հենց իր մասին է:

Խաչատրյանն ընտրություններին նախապատրաստվելու գործընթացը եւ թեկնածուների կողմից տարվող քարոզարշավը մեկնաբանելու խնդրանքին միանշանակ դրական գնահատական տվեց: «Ամեն ինչ ընթանում է խաղաղ, հանգիստ, ոչ մի միջադեպ կամ «անախորժություն» տեղի չի ունենում: Լայնածավալ քարոզարշավն անցկացվում է բաց, փոխադարձ հարգալից, մրցակցային մթնոլորտում», - նշել է զրուցակիցը` հավելելով, որ բոլոր մրցակիցների համար պայքարի հավասար պայմաններ են ստեղծված:

Վալերի Խաչատրյանի խոսքով` ԼՂՀ պետական մարմինները ընտրությունների կազմակերպման գործընթացում գործում են տարածքային ընտրական հանձնաժողովների պահանջներին համապատասխան: «Ոչ ոք ոչ մեկի չի խանգարում, ամեն ինչ օրենքի շրջանակում է կատարվում, բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ են ապահովված», - ընդգծել է նա` հավելելով, որ եթե այս կամ այն թեկնածուի մոտ ինչ-որ բան չի ստացվում, դա, ըստ ամենայնի, նրա սեփական հնարավորությունների խնդիրն է:

Խաչատրյանը նշել է, որ հաղթանակի առավելագույն հնարավորություն ունի գործող նախագահ Բակո Սահակյանը, քանի որ նա առավելություն ունի` երկրի հնգամյա կառավարումը: Մնացածները զուրկ են նման հաղթաթղթից:

Ամփոփելով, քաղաքական գործիչը նշեց, որ ով էլ դառնա ԼՂՀ նախագահ, կարեւորն այն է, որ այդ ամբողջ գործընթացը եւ հաջորդող դեպքերը թափանցիկ լինեն, արտացոլեն ժողովրդի ընտրությունը. «Ես առաջինը կշնորհավորեմ հաղթողին, եթե իհարկե հենց ես չհաղթեմ: Ես վաղուց ճանաչում եմ բոլոր թեկնածուներին, հարգում եմ: Կարեւորը ոչ թե այն է, թե ով կհաղթի, այլ այն, որ ապագա նախագահը ամեն ինչ անի երկրի բարգավաճման համար, - ասաց նա:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ԼՂՀ նախագահի ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին: Նախագահական մրցավազքին մասնակցում են չորս թեկնածուներ` անկուսակցական Վալերի Խաչատրյանը (1947թ..), Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ  գործող նախագահ Բակո Սահակյանը (1960թ.):