ՀՀՇ-ում Դավիթ Շահնազարյանի` կուսակցությունից հեռանալու հարց չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը: Նրա խոսքով, իրենց կուսակցությունում մարդ չեն հեռացնում եւ Դավիթ Շահնազարյանին ՀՀՇ-ից հեռացնելու հարց չկա, այդպիսի բան չի քննարկվել: «Նա կարող է լինել ՀՀՇ անդամ, բայց ՀԱԿ անդամ չլինել, մեր կուսակցության անդամներն ազատ են»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», - ասել էր Շահնազարյանը` հրաժարվելով խոսել պատճառների մասին: «Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխություն, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել էր Շահնազարյանը:



























