Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիսի 7-ին «Բուրջի» ընկերությանը շուրջ 6 մլն դոլարով տուգանելու վճիռ է կայացրել` Ընտրական օրենսգիրքը խախտելու համար:

Հիշեցնենք, «Բուրջի» ընկերության դեմ հայցը քաղաքային դատարան է ներկայացրել Աուդիտի պետական ծառայությունը, որը պնդում է, որ ընկերությունը 2012թ. շուրջ 250 ավտոմեքենա է գնել եւ անհատույց օգտագործման տրամադրել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիային:

Աուդիտի պետական ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը փաստացի պատկանում է Իվանիշվիլիին: Այն գրանցված է օֆշորային գոտում եւ նրա ղեկավարը միլիարդատիրոջ ազգականն է:

Ինչպես լրագրողներին հայտնել է փաստաբան Մերաբ Բարբակաձեն, դատարանը չի դիտարկել «Բուրջի» ընկերության ներկայացրած անմեղության ապացույցները, գրում է  «Ինտերֆաքսը»:

Նա բացահայտ սուտ է անվանել այն հայտարարությունները, որ ավտոմեքենաներն  անհատույց օգտագործման են տրամադրվել, եւ հավաստիացրել է, որ դրանց վարձակալության համար «Բուրջին» պատկառելի  եկամուտ էր ստանում, սակայն դատարանը հրաժարվել է քննել պաշտպանության ներկայացրած փաստաթղթերը:

Փաստաբանը հայտնել է, որ «Բուրջի» կբողոքարկի քաղաքային դատարանի որոշումը, այլապես ստիպված կլինի սնանկ հայտարարվել:

Հունիսին դատարանը Իվանիշվիլիին կրկին տուգանել էր 46 մլն դոլարով` Ընտրական օրենսդրությունը խախտելու համար:

Միլիարդատերը հրաժարվում է վճարել` ասելով, որ դա անօրինական է: Նա նաեւ հավաստիացնում է, որ Վրաստանում ֆինանսական ակտիվներ, բանկեր եւ ձեռնարկություններ չունի: