Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այսօր` հուլիսի 7-ին, զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին: Այս մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացմանը, ապա նախագահի հավաստիացմամբ, այդ օրինագիծը կդրվի քվեարկության: Նա հաստատել է, որ չի հրաժարվում իր ոչ մի խոստումից, հավելելով, որ հուլիսին պաշտոնապես կընդունի հայերին:

«Կառավարության քաղաքականությունը դա Օլանդի քաղաքականությունն է, այլ ոչ` Ֆաբիուսինը: Օլանդը երբեք չի դավաճանել ձեզ, սակայն պետք է զգոն եւ միասնական լինենք: Թուրքիան կարող է արագ փոխել իր տոնը»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Եվրոպայի կառույցի ղեկավարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիանը, հուլիսի 5-ին, իր թուրք գործընկեր Դավութօղլուի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի լինի: «Անհնար է նույն ուղիով քայլել, հակառակ դեպքում արդյունքը նույնը կլինի»,-հայտարարել էր Ֆաբիուսը: