Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունը հուլիսի 8-ի երեկոյան 22։45-ին (Երեւանի ժամանակով 23։45) ցուցադրելու է «Հեռու հարեւան» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի մասին։
NEWS.am-ի հետ զրույցում «Հեռու հարեւան» ֆիլմի հեղինակ Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուն նշեց, որ ֆիլմը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այն նպատակ ունի օտարներին ներկայացնել Հայաստանի մայրաքաղաքի հասարակական եւ մշակույթային կյանքը: Նա նշեց, որ ֆիլմում հայկականությունը պահելու համար օգտագործվել են հայ երաժիշտների ստեղծագործությունները։
Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուի խոսքով՝ ֆիլմը TRT-ով ցուցադրելուց հետո նախատեսում են մասնակցել նաեւ միջազգային փառատոնների։
Ֆիլմի ռեժիսոր Օզլեմ Օքուլը նշեց, որ ֆիլմը շատ հրաշալի է ստացվել: «Երեւանը գեղեցիկ քաղաք է: Ֆիլմն էլ գեղեցիկ է ու ունի հուզիչ ավարտ»,-ասաց Օզլեմ Օքուլը:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են «Ինտենյուս Հայաստան», «Ինտերնյուս նեթվորք» եւ Ստամբուլի Մշակույթի համալսարանի «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոն»-ի (GPOT) կողմից: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Երեւանում 2011-ի հունիսին:
Ֆիլմի նկարահանման աջակիցներից «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը կարեւոր է համարում այն հանգամանքը, որ Երեւանի մասին ֆիլմը նկարահանվել է ոչ թե մասնավոր, այլ պետական հեռուստաընկերության կողմից: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ նկարահանող խմբի անդամներն ու ֆիլմի ռեժիսորը նշել են, որ զարմացած են Հայաստանի զարգացածությամբ, քանի որ Թուրքիայում թյուր պատկերացում կա Հայաստանի մասին:


























