Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնականոն նախընտրական մթնոլորտ է տիրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ նախընտրական գործընթացներն իրականացվում են այնպես, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում:
«Մեզ մոտ ընտրությունները, ինչպես վկայում են նաեւ միջազգային դիտորդները, միշտ համպատասխանել են ժողովրդավարական համընդհանուր սկզբունքներին եւ չափանիշներին: Եւ դա մենք համարում ենք ԼՂՀ-ում պետականության շինարարության էական ձեռքբերումներից մեկը»,- ընդգծեց Հարությունյանը:
Այս համատեքստում արտաքին հետաքրքրությունը ԼՂՀ-ի եւ, մասնավորապես, ընտրությունների նկատմամբ աճում է տարեց տարի, եւ դա պարտավորեցնում է. «Դիտորդների թիվը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում աճում է, ինչը, անկասկած, վկայում է միջազգային հանրության կողմից հետաքրքրության մասին: Կարծում եմ, այս անգամ եւս տարբեր երկրներից դիտորդներ կժամանեն: Մենք մեծ նշանակություն ենք տալիս դիտորդական առաքելության իարկանցմանը` դա դիտարկելով որպես համագործակցության հաստատման արդյունավետ մեխանիզմ, ժողովրդավարացման հետագա խորացման եւ գոյություն ունեցող օրենսդրական բազայի կատարելագործման համար»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Պատասխանելով հարցին, թե թեկնածուներից ով հաղթանակի ավելի մեծ հնարավորություն ունի, զրուցակիցն ասաց. «Որպես Բակո Սահակյանի նախընտրական շտաբի ղեկավար, իհարկե, վստահ եմ նրա հաղթանակում եւ աշխատում եմ այդ ուղղությամբ: Սակայն վերջին խոսքը մեր ժողովրդինն է: Վստահ եմ, Արցախի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ԼՂՀ նախագահի ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին: Նախագահական մրցավազքին մասնակցում են չորս թեկնածուներ` անկուսակցական Վալերի Խաչատրյանը (1947թ..), Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը (1960թ.):




























