Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կամբրե քաղաքում հուլիսի 8-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ տուժել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքից ոչ հեռու գտնվող մի վայրում: Տղամարդը կրակ է բացել այն բանից հետո, երբ պահակախումբն արգելել է նրան ներս մտնել: Չարագործը մեքենայով հեռացել է դեպքի վայրից: Միջադեպի մանրամասները պարզվում են:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաեւ ֆրանսիական մեկ այլ` Լիլ քաղաքում հուլիսի 1-ի գիշերը: Քաղաքի ակումբներից մեկում թիկնապահներն այցելուներից մեկին նախ խնդրել էին դուրս գալ, իսկ հետո արդեն ուժով էին դուրս հանել ակումբից: Տղամարդը որոշել է հաշիվները մաքրել: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է հրազենով եւ սկսել կրակել: Նա սպանել էր ակումբի հանդերձապահին եւ մեկ այցելուի, եւս հինգ մարդ վիրավորվել էր:


























