Հռոմում հուլիսի 1-6-ը կայացել է Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) XXI համագումարը, որին մասնակցել են աստղագետներ գրեթե բոլոր եվրոպական և մի շարք այլ երկրներից, եվրոպական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, ընդհանուր առմամբ 600-ից ավելի մարդ: Ինչպես News.am-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից,  «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (EWASS – European Week of Astronomy and Space Science) խորագրով համգումարին Հայաստանից մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը:

Բուն համագումարից բացի, կազմակերպվել է աստղագիտության եվրոպական շաբաթ` բավականին ընդարձակ ծրագրով` 11 պլենար զեկուցում, 10 գիտաժողով, 12 հատուկ նստաշրջան, ինչպես նաև ԵԱԸ գործադիր խորհրդի երկու նիստ և այլ հանդիպումներ:

Արեգ Միքայելյանը  մասնակցել է  ԵԱԸ համագումարի, ԵԱԸ գործադիր խորհրդի ընդլայնված նիստի և երեք գիտաժողովների աշխատանքներին, զեկուցումներ ներկայացրել դրանցից երկուսում և մի շարք քննարկումներ ունեցել միջազգային աստղագիտական կառույցների ներկայացուցիչների հետ, մասնավորապես նաև` աստղագիտական կրթության հարցերով: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխպրեզիդենտ Ջորջ Մայլիի և Աստղագիտության զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Քևին Գովենդերի հետ քննարկվել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի հավակնող Հայաստանի հայտը: Հուլիսի 6-ին Միքայելյանը նաև սեմինար է անցկացրել Հռոմի Սապիենցա համալսարանում` ներկայացնելով «Մարգարյանի գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրություններ վիրտուալ աստղադիտարանի գործիքներով» զեկուցումը:

Հիշեցնենք, որ ԵԱԸ ստեղծվել է 1990թ. որպես եվրոպական երկրների աստղագիտությունը միավորող կազմակերպություն: Ներկայումս նրա կազմում կան 45 երկրների մոտ 870 գիտնականներ: Հայաստանից ԵԱԸ անդամ է հանդիսանում 24 աստղագետ, իսկ ՀԱԸ ԵԱԸ 24 պաշտոնական ընկերություններից մեկն է: