Հուլիսի 8-ին Երեւանում` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի բացումը:

Կինոփառատոնի բացմանը ելույթ են ունեցել ֆրանսահայ դերասան Ժիրայր Փափազյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի հովանավոր «ՎիվաՍել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրանի» մեկնարկը տրվել է Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոր» (1926թ.) ֆիլմով` նոր երաժշտական ձեւավորմամբ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Երեւանում հուլիսի 8-ից 15-ը կայանալիք «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնին ցուցադրվելու է 170 ֆիլմ, որից 65-ը` մրցութային ծրագրում:

 Այս տարվա «ոսկե ծիրանը» պահպանելու է այն կերպարը, որ ձեւավորվել է վերջին տարիներին: Մրցութային ծրագիրը ներկայացվելու է չորս անվանակարգերում` միջազգային խաղարկային կինո, վավերագրական կինո, կարճամետրած ֆիլմերի «Կորիզ» եւ «Հայկական համայնապատկեր»: Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում ներկայացված է 12 ֆիլմ, նույնքան էլ վավերագրական կինոյի անվանակարգում:

«Հայկական համայնապատկերում» ներկայացվելու է 26, իսկ կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում` 39 ստեղծագործություն: