Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ ծրագրին: Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում սիրիական առաջնորդը հայտարարել է, որ Քոֆի Անանը բազմաթիվ խոչընդոտների է բախվել, սակայն պետք չէ, որ նրա նախագիծը տապալվի:
Ըստ Ասադի` հաջողության ճանապարհին գլխավոր խոչընդոտը մի քանի պետություններ են, որոնք սիրիացի ահաբեկիչներին զինում եւ ֆինանսական օգնություն են ցուցաբերում, գրում է «Ռոսբալտը»:
Սիրիայի նախագահը Սաուդյան Արաբիային եւ Քաթարին մեղադրել է ընդդիմությանը զենք մատակարարելու, իսկ Թուրքիային` նրանում, որ օգնում է զենքը սահմանն անցկացնելիս:
Ավելի վաղ Ասադը նշել էր, որ ԱՄՆ-ն, օգնելով խռովարարներին, պատասխանատու է Սիրիայում բռնությունների համար: Ըստ նրա` ԱՄՆ-ն ավազակախմբերին քաղաքական պաշտպանություն է տրամադրում` ապակայունացնելով Սիրիայի իրավիճակը:
«ԱՄՆ-ն այս հակամարտության մասն է», - ասել է նա:
Բաշար Ասադն ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, ինչին այդքան ձգտում է Արեւմուտքը:



























