Սանկտ-Պետերբուրգում, այսօր` հուլիսի 9-ին, ձերբակալել են «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին, նաեւ Միավորված քաղաքացիական ճակատի առաջնորդ Օլգա Կուրնոսովային, ակտիվիստների ու լրագրողների:

Ուդալցովը Պետերբուրգ էր ժամանել, որպեսզի գլխավորեր իշխանությունների հետ համաձայնեցրած «Սպիտակ գիշերներ» ակցիան:

Այն պետք է սկսվեր երեկոյան ժամը 20:00-ին: Ակցիայի սկզբից մեկ ժամ առաջ «Օկտյաբրսկի» մեծ համերգային դահլիճի մոտից, որտեղ Ուդալցովը հրավիրել էր հավաքվել ակցիայի մասնակիցներին, նրան ձերբակալել է ոստիկանությունը:

Իրավապահների խոսքով, «Ձախ ճակատի» առաջնորդը չարտոնված միջոցառում է անցկացրել: Ուդալցովի հետ ձերբակալել են նրա մոտ 10 կողմնակիցների եւ երկու լրագրողների` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի եւ РБК daily-ի: Նրանց մեղադրում են ոստիկաններին չենթարվելու մեջ:

Ժամը 02:00-ի սահմաններում լրագրողներին ազատ են արձակել, իսկ մյուս ձերբակալվածները, այդ թվում Ուդալցովը, մնացել են ոստիկանությունում:

Ավելի ուշ ոստիկանության բաժնին են մոտեցել այլ ընդդիմադիր ակտիվիստներ: Ոստիկանները պահանջել են ցրվել, սակայն նրանք արհամարհել են այդ պահանջը եւ արդյունքում եւս 20 մարդ ձերբակալվել է, որոնց նկատմամբ վարկանա արձանագրություն է կազմվել:

Ընդհանուր առմամբ, ըստ «Բալտինֆոյի», Պետերբուրգում ձերբակալվել է 58 մարդ: