«Հարսանքարի» միջադեպից հետո Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու հայտարարությունն ի սկզբանե կասկածներ հարուցեց, քանի որ այնտեղ կոկորդիլոսի արցունքներ կային եւ կանխավ մշակված էր: Այս մասին, այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, հավելելով, որ այդ կասկածների հիմնավոր լինելու վառ ապացույցը «Հարսնաքար» ռեստորանի մոտ երեկ տեղի ունեցած միջադեպն էր, երբ Ռուբեն Հայրապետյանը ձեռք է բարձրացրել իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա:
Վերջինս կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանը իրեն օրենքից վեր է դասում եւ հարցերը լուծում բռունցքով: «Նա որպես վկա պետք է ներգրավվի «Հարսնաքարում» զինվորական բժշկի սպանության գործում»,-հայտարարեց Լ. Սարգսյանը հավելելով, որ ԱԺ-ում «Հարսնաքարի» գործով պետք է լսումներ կազմակերպվեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ծեծվել էին ռազմական բժիշկներ, ՊՆ զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացել էր: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, որոնց մի մասը Հայրապետյանի թիկնազորից են:
Հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը եւ մահացու ծեծի ենթարկված Վահե Ավետյանի ընտանիքին ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես եկել: Մինչ այդ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարել էին, որ տեղի ունեցածում Ռ. Հայրապետյանը ոչ մի մեղք չունի:
Նշենք, որ հուլիսի 8-ին, «Հարսնաքարի» մոտ մոմավառության ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր իրավապաշտպան Արման Վեզիրյանին:




























