Դավիթ Շահնազարյանն այն պետական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներից է, ում անկեղծ մտահոգությանը ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կասկածում: Այս մասին, այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Լյուդմիլա Սարգսյանն` արձագանքելով այն հարցին, թե Դավիթ Շահնազարյանի դուրս գալով ՀԱԿ-ը կրկին «մաքրվո՞ւմ է», ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Ես վստահ եմ մի բանում, որ Դավիթ Շահնազարյանը նույնքան մտահոգ է այն խնդիրներով, ինչով մտահոգ է ՀԱԿ-ը: Վստահ եմ նաեւ, որ նա շարունակելու է իր պայքարը, միգուցե մեկ այլ ուղղությամբ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս նաեւ վստահություն հայտնեց, որ սեպտեմբեր-հոկետմբեր ամիսներին նորից հանդիպելու են եւ նորից իրենց ճանապարհները խաչվելու են:

Արձագանքելով Դավիթ Շահնազարյանի այն հայտարությանը, թե այժմ ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ խոսքը, ոչ թե ՀԱԿ-ի, այլ ԲՀԿ-ի մասին է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», - ասել էր Շահնազարյանը` հրաժարվելով խոսել պատճառների մասին:

«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխություն, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել էր  Շահնազարյանը: