«Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ Ազգային ժողովի ղեկավարության արձագանքը ոչ միայն բավարար չէր, այլեւ նախագահն էր պարտավոր հայտարարությամբ հանդես գար եւ դատապարտեր կատարվածը, այնինչ մինչ օրս լռում է: Այս մասին, այսօր` հուլիսի 9-ին, ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ անենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով, Օմբուդսմենի հայտարարությունը եւս անկեղծ չէր:
ՀԱԿ անդամը նշեց, որ Սերժ Սարգսյանը հավանաբար պատրաստել է եւս մի փոքրիկ հարված Ռուբեն Հայրապետյանին: «Բայց դրանից պետք չէ եզրակացնել, որ նա նրա դեմ է պայքարելու: Դա եւս մի փոքրիկ PR ակցիա կլինի, ինչպիսին եղավ Մաշտոցի պուրակի դեպքում: Վստահ եմ, որ նա այս իրադարձություններն օգտագործում է ավելի ժողովրդավար երեւալու համար»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ում դեռ չեն որոշել թիվ մեկ ընտրատարածքում թեկնածու կառաջադրե՞ն, թե` ոչ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ կրկին Գայանե Առուստամյանի թեկնածությունն առաջադրեն, նա պատասխանեց, որ դեռ ոչինչ չեն քննարկել, բայց միեւնույն ժամանակ նաեւ չբացառեց նման հնարավորությունը:
«Աշունը թեժ կլինի նրանով, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են, ՏԻՄ ընտրությունները եւս, կարծում եմ, պետք է դիտարկել այդ կոնտեքստում»,-հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը, հավելելով, որ քանի դեռ մեր երկրում կան այս իշխանությունները, արդար եւ թափանցիկ ընտրություններ ակնկալել պետք չէ:




























