Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է այսօր` հուլիսի 9-ին, Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:

Մամեդյարովը, մասնավորապես հայտարարել է. «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր»:

Ի պատասխան այս հայտարարության ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Պարոն Մամեդյարովն Ադբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի հանրապետութան որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն Շահումյան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Ոստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է»: