Ռուսաստանի Կրիմսկ քաղաքի եւ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ղեկավարները զրկվել են զբաղեցրած պաշտոններից ջրհեղեղի հետեւանքները վերացնելու աշխատանքները վատ կազմակերպելու պատճառով: Այդ որոշման մասին հայտարարել է Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը:
«Փրկարարական գործողություններն ավարտվել են եւ սկսվել է վերականգնումը: Եւ այստեղ շատ խնդիրներ կան: Այդ աշխատանքների կազմակերպումը, նրանց որակն ինձ բոլորովին դուր չեն գալիս», - հայտարարել է նա:
Նահանգապետը նշել է, որ աձնապես զբաղվում է տեղական խնդիրների լուծմամբ, իսկ «այդ դեպքում ի՞նչ են անում տեղական իշխանությունները»:
Ըստ նրա` շրջանում իշխանության նկատմամբ վստահությունը նվազագույն է, հայտնում է «Ռոսբալտը»:
Լուրջ քննադատության են ենթարկվում պաշտոնյաները եւ աղետի հետեւանքները վերացնող փրկարարների աշխատանքները: Լրատվամիջոցները հայտնում են, որ Կրիմսկի դիահերձարանը չի հասցնում նման ծանրաբեռնվածության պայմաններում: Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, տեղական դիահերձարանը լի է, իսկ փողոցներում դիակներ են:
Հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում:



























