Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները` Ադրբեջանի հետ սահմանին միջադեպի վերաբերյալ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շփման գծում փոխհրաձգություն է եղել, եւ հայկական կողմից իբր «զոհվել է 1 եւ վիրավորվել 4 զինծառայող»:

«Ադրբեջանի բանակի երկու զինծառայողներ` Ջալալ Ալիեւն ու Ուրֆան Վելիեւը հրազենային վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, եւ վիճակն այժմ միջին ծանրության է»,- հաղորդում է APA-ն:

Նշենք, որ առաջիկա օրերին կայանալու է ԵԱՀԿ մոնիտորինգը շփման գծում, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շփման գիծը հատելով Ադրբեջանից անցնելու են Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակն ապակայունացնելու նման փորձերը կարող են վտանգել միջնորդների մտադրությունը: