«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 9-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.25 դրամ: Վերջին` հուլիսի 4-ի առեւտրային նստաշրջանի համեմատ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.18 տոկոսով կամ 0.75 կետով: Բոլոր գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով, սակայն այնուհետ պահանջարկի փոխարժեքը նվազել է:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր տեղի է ունեցել 900 հազ. դոլարի առուվաճառք:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքը 417 դրամն է, իսկ դոլար կարելի է գնել արդեն 419.5 դրամով:

Միջազգային Forex շուկայում եվրոյի փոխարժեքն այսօր առավոտյան ընկնում էր դոլարի փոխարժեքի նկատմամբ` հասնելով 1.2251 դոլարի, ինչը եվրոյի ամենացածր փոխարժեքն է 2010 թ. հուլիսից հետո: Սակայն այնուհետ եվրոն սկսեց ետ բերել կորցրածը` 16:20-ի դրությամբ հասնելով 1.2296 դոլարի: Եվրոյի անկումը տեղի է ունենում այսօր երեկոյան նախատեսվող եվրոյի գոտու ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ:

Ռուսական միջբանկային շուկայում տեղի է ունեցել ռուբլու թուլացում եւ եվրոյի, եւ դոլարի նկատմամբ` արժեթղթերի շուկայում անբարենպաստ զարգացումների պատճառով: Մեկ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 32.9907 ռուբլի: