Հնդիկ գիտնականները ղեկի մոտ բջջային հեռախոսից օգտվելու միջոց են գտել: Բոլորին հայտնի է, որ մեքենա վարելիս արգելված է բջջայինով խոսելը, բայց ոչ բոլորն են կատարում այդ պարզ պահանջը` վտանգի ենթարկելով իրեն եւ ուրիշներին: Չեն օգնում անգամ տարբեր երկրներում ընդունված օրենքներն ու խոշոր տուգանքները` նախատեսված այդ իրավախախտման համար:

Այդ պատճառով էլ  Թամիլնադի գիտնականներն առաջարկել են տեխնիկական միջոցներ կիրառել այդ խնդրի լուծման համար:

Նրանք  կարծում են, որ ղեկին հեռախոսով խոսելը վտանգավոր է բոլոր դեպքերում, նույնիսկ անլար Bluetooth սարքի դեպքում: Այդպիսով, եթե համակարգը հայտնաբերում է, որ վարորդը շարժման ընթացքում հեռախոս է կիրառում, միանում է  ջեմերը, այսինքն` ռադիոազդանշանի խլացուցիչը: Նախագծի հեղինակները համաձայն են, որ խլացուցիչը հետեւում է միայն վարորդական հեռախոսին, այդ պատճառով էլ ջեմերի շառավիղը նվազագույն է, այն չի խանգարում մեքենայում այլ բջջայինների աշխատանքին, հայտնում է  3DNews-ը: