Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ փոխվարչապետը ողջունելով հյուրերին` վստահություն հայտնել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր:

Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատել է, որ տարեց տարի աճում է նաեւ  ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա:  «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ-ից մինչեւ  Իրան- Հայաստան  երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն»,-նշեց փոխվարչապետը:

Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը` Ա. Գեւորգյանը դրական է համարել ձեւավորված փոխգործակցությունը` միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ:  «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ  այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել» ,-նշեց Ա. Գեւորգյանը:

ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` նշելով, որ առկա են տնտեսական  զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  հարցեր: Բացի այդ, Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել Իրանի մի քանի այլ նահանգներ:

Երկուստեք կարեւորվել է անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար: Դրան կնպաստի նաեւ մաքսային ոլորտում համագործակցությունը:

Անդրադարձ է եղել վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետեւողական աշխատանքներ է իրականացնում  զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ` ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով:  

Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային համարեցին  նաեւ  գյուղատնտեսության, անասնաբուծության,  ՏՏ ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը ներկայացրեցին  համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ է եղել նաեւ քննարկել Թավրիզ-Երեւան օդային հաղորդակցության հաստատման հարցը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: