Հուլիսի 9-ին Երեւանում Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ` վարչության պետերի մակարդակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հատուկ ընդգծվել է երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային եւ կրթական փոխանակումների ակտիվացման կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման եւ փոխգործակցության հնարավորություններին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: 

Նույն օրը նիդերլանդական պատվիրակությանն ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: