Ռումինիայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Տրայան Բասեսկուին ժամանակավորապես նախագահի պաշտոնից հեռացնելու որոշման օրինականությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը, Ռումինիայի ՍԴ-ի որոշմամբ, երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել Սենատի խոսնակ Կրին Անտոնեսկուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռումինիայի խորհրդարանը հուլիսի 6-ին կողմ է քվեարկել նախագահ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելուն: Կողմ են քվեարկել 432 պատգամավորից 258-ը: Խորհրդարանականները նշել են, որ վերջին տարիներին երկրում խորացել է տնտեսական ճգնաժամը եւ Բեսեսկուին մեղադրել են, որ պետությունը ղեկավարելիս նրա ձեռնարկած գործողությունները հակասում են Սահմանադրությանը:
Ինչպես տեղեկացնում է «Միրը», Տրայան Բեսեսկուն Ռումինիայի նախագահն է 2004թ. դեկտեմբերի 20-ից: Մինչ այդ եղել է Բուխարեստի քաղաքապետը: Բեսեսկուի օրոք Ռումինիան Եվրամիության անդամ է դարձել:
Մասնավորապես, Բեսեսկուին մեղադրում են նրանում, որ 2010 ճգնաժամի պայմաններում կիրառել է կոշտ տնտեսման միջոցառումներ: Ըստ էության, նախագահն սկսել է կառավարության ղեկավարի լիազորություններ իրականացնել` հակասելով օրենսդրությանը:
Ամսվա ընթացքում երկրում պետք է համազգային քվեարկություն անցկացվի,որում կդրվի նախագահին իմպիչմենտ հայտարարելու հարցը:
Տրայան Բեսեսկուին մեկ անգամ արդեն իմպիչմենտ հայտարարել էին 2007 թվականի ապրիլի 19-ին: Պատճառ էին դարձել խորհրդարանական հանձնաժողովի մեղադրանքներն այն մասին, որ իր գործողություններում նա «չարաշահել էր երկրի սահմանադրությամբ իրեն տրված իրավասությունները»: Մեկ ամիս անց հանրաքվե էր տեղի ունեցել Ռումինիայի նախագահի հրաժարականի հարցով: Ըստ նրա արդյունքների` մեծամասնությունը (75%) ցանկացել էր, որ Տրայան Բեսեսկուն շարունակի կատարել իր պարտականությունները:



























