Մինչեւ այս ամսվա վերջ Իսպանիան կստանա ֆինանսական օգնության առաջին տրանշը` 30 մլրդ եվրոյի չափով` ուղղված իսպանական բանկերի ռեկապիտալիզացիային: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսում նշել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պյեռ Մոսկովիչին, հավելելով, որ այս խնդրի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հուլիսի 20-ին:

Ինչպես հաղորդում է RBK-ն` վկալակոչելով Reuters-ը, օգնությունը կտրամադրվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF), այնուհետեւ Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) միջոցով:

Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսի խոսքով, ֆինանսական օգնությունը կտրամադրվի երկու հիմնական պայմանով. ուղղակի ֆինանսական օգնություն ֆինանսական սեկտորին, բյուջեի կատարման ապահովում եւ Իսպանիայի տնտեսության մեջ բանկային սեկտորի աշխատանքի թափանցիկության ապահովում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսպանիան դեռեւս հունիսին պաշտոնապես դիմել էր եվրագոտու իր գործընկերներին, խնդրելով 100 մլրդ եվրոյի վարկ տրամադրել` իր բանկային համակարգին աջակցելու նպատակով:

Պարտքային ճգնաժամն Իսպանիայում խորանում է, տնտեսության անկում է նկատվում, իսկ գործազրկության մակարդակը հասել է շուրջ 25 տոկոսի: