Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Կրիմսկ քաղաքի բնակիչներին սկսել են էլեկտրականություն տալ: Միաժամանակ, աղետի գոտում ավարտվել է որոնողա-փրկարարական աշխատանքների ակտիվ փուլը:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, քաղաքում դեռեւս 418 շենք գազ չունի: Երկու բնակավայրերում` Նիժնեբականսկում եւ Նեբերջաեւսկում դադարեցվել է ջրամատակարարումը: Առանց ջրի են մնացել 2400 մարդ, որոնցից 190-ը երեխաներ են:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը Կուբանում ջրհեղեղից տուժած բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ չհավատալ ջրհեղեղի երկրորդ ալիքի մասին լուրերին: Արդեն հուլիսի 9-ին այդպիսի լուրերի տարածման հետեւանքով Կրիմսկի որոշ բնակիչներ սկսել են լքել քաղաքը:

Քաղաքում խուճապը ցրելու համար փողոցներում հայտնվել են ոստիկանական մեքենաներ` բարձրախոսներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 7-ի գիշերը ջրհեղեղի տակ էին մնացել երեք քաղաքների (Գելենջիկ, Կրիմսկ եւ Նովոռոսիյսկ) շուրջ 5 հազար շենք-շինություններ: Աղետի զոհ է գնացել շուրջ 180 մարդ, ավելի քան 12 հազար մարդ տուժել է: Զոհերի թվում հայեր կան, այդ թվում Լիդյա եւ Հովհաննես Շահբազյանները, նաեւ Շումիտա Գալստյանը:

Հուլիսի 9-ին Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել: