Էներգապաշարների նկատմամբ Թուրքիայի կարիքները գնալով աճում են, եւ այդ պատճառով երկիրը ողջունում է Իրաքի հետ նոր նավթատարի կառուցումը: Այդ մասին, այսօր` հուլիսի 10-ին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Յըլդըզը նշել է, որ Քիրքուկ-Յումուրթալըք նավթատարի հզորությունը, որը կոչված է նավթ տեղափոխել Իրաքից Թուրքիա, երեք տարում կարող է մի քանի անգամ ավելանալ:

Դրան զուգահեռ, ըստ նախարարի, Թուրքիան եւ Իրաքը դիտարկում են  նոր նավթատարի կառուցումը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիան եւ Ադրբեջանը հունիսի 26-ին Ստամբուլում տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարության պայմանագիր էին ստորագրել, որի արժեքը կկազմի 7 մլրդ դոլար:

Նոր գազատարն իրական այլընտրանք կդառնա Nabucco-ի նախագծին, որին ժամանակին ենթադրվում էր Ադրբեջանի մասնակցությունը:

Գազատարի հիմնադիրներ կդառնան Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը`80%, թուրքական խողովակաշարերի պետական Botas օպերատորը եւ թուրքական նավթային Turkiye Petrolleri AO ընկերությունը` 20%: Հետագայում կոնսորցիումին կարող են միանալ միջազգային նավթագազային այլ ընկերություններ: Սպասվում է, որ նրանցից առաջինը բրիտանական BP-ն կլինի: