«Հարսնաքարի» գործը քննող նախաքննական մարմնի վրա ճնշումներ չեն եղել ու չեն կարող լինել: Հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հավաստիացում է արել ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե մտավախություն չկա՞, որ կարող է քրգործը սխալ ուղիով գնալ, քանի որ Ռուբեն Հայրապետյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկի հետ, Այվազյանը նշեց, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վրա հնարավոր չէ ճնշում բանեցնել:
«Քննչական գլխավոր վարչությունը չի գտնվում ձեր նշած բարձրաստիճան ոստիկանի ղեկավարած ստորաբաժանման ենթակայության տակ»,- նշել է Արսեն Այվազյանը` ընդգծելով, որ նախաքննությունը շարունակվում է եւ կարող են նոր փաստեր ու հանգամանքներ պարզվել:
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ոստիկանության Երեւանի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հրաժարվում է իր պատգամավորական մանդատից:




























