Ծիածանափայլ իշխանի օրգանիզմում կան բջիջներ, որոնք կողմնացույցի սլաքների նման արձագանքում են մագնիսական դաշտին:
Ինչպես գրում է «Կոմպյուլենտան», Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի (ԳԴՀ) համալսարանի հետազոտողներին հաջողվել է ապացուցել, որ մագնիսազգայուն բջիջներր իրոք կան: Գիտնականները փորձարկել են ծիածանափայլ իշխանի էպիթելային բջիջները, որոնք զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ:
Նախկինում նման հատկություն ձկան մոտ հայտնաբերել էին, սակայն արդյունքները լրացուցիչ փորձագիտության կարիք ունեին: Այս անգամ ոչ մի կասկած չպիտի լինի: Հետազոտողները բջիջները տեղադրել են փոփոխական մագնիսական դաշտում: Մագնիսական բջիջները ձգտել են դեպի մագնիսական դաշտ:
Մյուս կողմից, ինչպես PNAS ամսագրում նշում են հետազոտողները, նման բջիջների փոքրաթիվ լինելը փոխհատուցվում է բարձր զգայականությամբ: Իսկ դա ապահովվում է կուտակված մագնիսական բյուրեղների կողմից: Գիտնականները կարծում են, որ մագնիսական դաշտի փոփոխության դեպքում մագնիսական մասնիկները լարվում են եւ այդ լարվածությունն ուղարկում անմիջապես բջջային մեմբրանին, որից էլ համապատասխան ազդանշան է հասնում ուղեղին:
Նշենք, որ մագնիսական դաշտում կողմնորոշման ունակությունն առաջին անգամ 1960-ականներին հայտնաբերվել է թռչունների մոտ:




























