Միջազգային քրեական դատարանն, այսօր` հուլիսի 10-ին, պատմության մեջ առաջին անգամ դատավճիռ է կայացրել Կոնգոյի դեմոկրատական հանրապետության ապստամբ խմբավորումներից մեկի նախկին առաջնորդ Թոմաս Լուբանգա Դյիլոյի դեմ:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով CNN-ը, ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել 2002-2003 թվականներին Իտուրի նահանգում միջէթնիկ հակամարտության ժամանակ մինչեւ 15 տարեկան երեխա զինվորների հավաքագրելու մեջ` իր կազմակերպության (Կոնգոյի ազատագրման հայրենասիրական ուժեր) կարիքների համար:

Այդ կազմակերպությունը «Կոնգոլեզյան հայրենասերների միության» ռազմականացված թեւն է: Դեռահաս տղաներին ստիպել են մասնակցել ռազմական գործողություններին, իսկ աղջիկներին օգտագործել են որպես սեքս-ստրկուհիներ:

Խոսքը մի քանի հազար երեխաների մասին է:

Թոմաս Լուբանգա Դյիլոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, որից 6 տարին արդեն նա անցկացրել է ազատազրկման մեջ:
Լուբանգան կալանավորվել էր 2005-ին Կոնգոյում: