Կանացի էությունը դեռ ոչ- ոք չի կարողացել հասկանալ` ոչ Արեւելքը, ոչ Արեւմուտքը: Ֆեմինիստուհիները փորձում էին, սակայն իրենց մոտ էլ չստացվեց: Այսօր` հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսում, այսպիսի կարծիք հայտնեց իրանցի կինորեժիսոր Ահմեդ Ռեզա Մոթամեդին, պատմելով իր «Ալցգեյմեր» ֆիլմի մասին, որն ընտրվել էր «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային ցուցադրության համար «Խաղարկային կինո» անվանակարգում: Ռեժիսորի խոսքով, կինոնկարը մի կողմից հանդիսանում է մատչելի ձեւով ներկայացված սեփական փիլիսոփայական դիտումների արդյունք, իսկ մյուս կողմից` հիմնված է ժամանակակից աշխարհում մի կնոջ կյանքի իրականության վրա:

Մրցույթային ցուցադրմանը ներկայացված ֆիլմը վեր է հանում «կորսված» մարդու թեման, պատմում է սեփական ինքնությունը փնտրող անձի հետ կատարվող փոփոխությունների մասին: «Մարդիկ կորցրել են ինտուիտիվ իմացության կարողությունները եւ մեծ մասամբ հիմնվում են սեփական էմպիրիկ փորձի վրա: Դրա համար էլ նրանք շատ հաճախ չեն կարողանում ճանաչել իրենք իրենց»,- իր տեսակետը կիսեց Մոթամեդին:

Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը խոստովանել է, որ ընդհանուր առմամբ ծանոթ չէ հայկական կինոյին, սակայն բարձր է գնահատում Փարաջանովի ստեղծագործությունը: «Փարաջանովի հանճարն արժե ամբողջ Հոլիվուդը», - խոստովանել է Ահմադ Ռեզա Մոթամեդի: Հյուրը նաեւ պատմել է, որ իր նկարահանող խմբում շատ հայեր են աշխատում, որոնց հետ ինքը ընկերություն է անում:

Հարցին, թե այդպիսի փակ երկրում, ինչպիսին Իրանն է, ինչպես են աշխատում ստեղծագործող մարդիկ, ռեժիսորը պատասխանել է, որ «կադր» հասկացությունը հանդիսանում է սահմանափակող մի բան, իսկ իսկական կինոն ծնվում է սահմանափակումներից:

Մոթամեդին նաեւ համարում է, որ իրանցի ռեժիսորներին հաջողվել է երկխոսություն ստեղծել եւ գտնել ճանապարհ դեպի արեւմտյան հանդիսատեսը:

Ահմադ Ռեզա Մոթամեդիի «Ալցգեյմեր» ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ում ամուսինը մահացել է ավիավթարի ժամանակ 20 տարի առաջ: Սակայն մահացածի ինքնությունը այդպես էլ չի հաջողվել ճշտել: Գլխավոր հերոսուհին Մահթաբ Քերամատի փայլուն կատարմամբ հրաժարվում է հավատալ ամուսնու մահվանը եւ շարունակում է փնտրել նրան: Հանկարծ հայտնվում է մի տղամարդ, ով հայտարարում է իրեն որպես կորսրած ամուսին…