Ի պատասխան NEWS.am-ի հարցմանը` թե որքանո՞վ իրականությանը համապատասխանում են Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկ վերցնելու մասին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեղեկությունները, ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից ստացվել է հետեւյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետության՝ որպես զարգացող երկրի, տնտեսական զարգացման թե՛ միջինժամկետ եւ թե՛ երկարաժամկետ առկա սցենարները ենթադրում են բյուջեի դեֆիցիտ, որը բնականաբար, ֆինանսավորվում է ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին: Կառավարության կողմից հաստատված պարտքի ռազմավարության ներքո նշված դեֆիցիտի ֆինանսավորման ուղղությամբ անընդհատ իրականացվում են աշխատանքներ, մշտապես տարվում են բանակցություններ բոլոր հնարավոր բազմակողմ եւ երկկողմ դոնորների հետ, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրելով ամենաշահավետ պայմաններով առաջարկները, այդ թվում՝ որոշ վարկեր առավել արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորելու տարբերակները:

Բանակցությունները չեն տարվում այս կամ այն գումարի չափով, այլ քննարկվում են կոնկրետ ծրագրերով եւ ուղղություններով, որոնք համահունչ են երկրի զարգացման պահանջներին եւ դոնորների նախապատվություններին: Հայաստանում ամեն տարի քննարկվող արտաքին վարկերի՝ գործող եւ մոտակա տարիներին նախատեսվող ծավալները վերջերս տատանվում են շուրջ մեկ մլրդ դոլարի շուրջ, որից ամեն տարի իրացվում է դրա 25-50 տոկոսը: Պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնելու այս կամ այն երկիրը կամ կառույցը, հարկ է քննարկել դրա ընդհանուր չափը, պայմանները եւ ուղղությունները, ինչն էլ արվում է ամեն տարի՝ պետական բյուջեի քննարկումների ժամանակ»: