ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Նախ` նորանշանակ նախարարը «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ «բլոկ» է դրված: Երկրորդ` նախարար Թադեւոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի լրջագույն արտահայտությամբ ասել. «Ոչ մի «լեւի» գործ, էս ու էն կողմ նայել չկա, աշխատում եք առանց միջնորդությունների ու այլ շահագրգիռ պայմանների»: Իսկ որպես իր խստագայն պահանջներին հուսադրող պայման, Թադեւոսյանը իրենց գործի մեջ հմտացած որոշ վարչությունների պետերի ասել է, որ եթե նրանք ֆինանսական մասով նեղություններ ունենան, կարող են շատ հանգիստ իրեն դիմել: Նախարար Թադեւոսյանը` որպես գործից հասկացող մարդ, կփորձի բիզնեսի հետ կապված հարցերում օգտակար խորհուրդներ ու ճանապարհներ ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց դրսեւորել այդ ոլորտում: (Հաստատ կբացատրի, թե ինչպես կարելի է արտերկրից լամինատ ներկրել Հայաստան ու արագ հարստանալ):
Միայն թե այսքան անձնուրաց աշխատանքի լծվելուց հետո հարց է առաջանում, թե ինչու է Թադեւոսյանը իր մերձավոր շրջապատում տրտնջում ՀՀ կառավարության բռնած ձեւից ու պահանջներից, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս տեսակ շոուներով ֆոն է ստեղծում, թե իբր մինչեւ «ականջների ծայրը» պայքարում է կոռուպցիոն երեւույթների ու դրսեւորումների դեմ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: