Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարող է շուտով հիվանդանոցից  դուրս գրվել այն դեպքում, եթե խորհրդարանական «Յուլյա Տիմոշենկոյի  դաշինք` Բատկիվշչինա» խմբակցությունը չդադարեցնի հիվանդանոցի շենքի մոտ քաղաքական նախաձեռնությունների անցկացումը: Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Խարկովի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միխայիլ Աֆանասեւը:

Բժիշկը նախազգուշացրել է, որ եթե «Բատկիվշչինայի» պատգամավորները շարունակեն ակցիաները, հիվանդանոցի ղեկավարությունը ընդդիմադիր առաջնորդին դուրս կգրի հիվանդանոցից: Բժիշկը նաեւ դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ հուլիսի 10-ի քաղաքական ակցիան տառացիորեն խաթարել է հիվանդանոցի աշխատանքը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նախօրեի երեկոյան «Յուլյա Տիմոշենկոյի  դաշինք` Բատկիվշչինա» խմբակցության տասնյակ պատգամավորներ հավաքվել էին կենտրոնական հիվանդանոցի շենքի մոտ, որպեսզի, ընդդիմադիր Անդրեյ Կոժեմյակինի խոսքով, «Տիմոշենկոյի նկատմամբ անօրինական գործողություններ թույլ չտան» «Ուկրաինայի միացյալ էներգահամակարգեր» ձեռնարկության գործի քննման նախաշեմին, որը 1995-1997թթ ղեկավարում էր նախկին վարչապետը: