Ղրղըզստանը մտադիր է 2014 թվականից բարձրացնել իր տարածքում գտնվող 3 ռուսական ռազմակայանների վարձավճարը: Այս մասին, այսօր` հուլիսի 11-ին, «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ղրղըզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիեւը:

Ներկայումս Ղրղըզստանի տարածքում է գտնվում 4 ռուսական ռազմակայան: Ընդ որում, «Կանտ» ավիաբազան աշխատում է ՀԱՊԿ-ի համար: «2014 թվականից, երբ ավարտվում է այդ ռազմակայանների վարձակալության ժամկետը, մենք մտադիր ենք խնդրել Ռուսաստանին բարձրացնել վարձավճարը` հաշվի առնելով գնաճը»,-հայտարարել է Ղրղըզստանի ՊՆ ղեկավարն, ընդգծելով, որ դա չի վերաբերում «Կանտ» ավիաբազային:

«Կանտ» ավիաբազայի կոմունալ ծառայությունների համար Ղրղըզստանն ինքն է վճարում եւ ամեն տարի դա կազմում է տարեկան 300 մլն սոմ (շուրջ 6,3 մլն դոլար)»,-հավելել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում կքննարկվի նաեւ այդ ռազմակայանների տեղակայման ժամկետների երկարացման հարցը: