Սկսվել է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի եւ խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող ընկերությունների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 3-ի դրությամբ կնքվել է 4346 պայմանգիր, որից 3362-ը՝ խաղողի եւ 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման:
Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն. դրամ կանխավճար եւ 191.1 մլն. դրամի բուժանյութեր եւ այլ օժանդակություն:
Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:
Հուլիսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 10879.8 տոննա պտուղբանջարեղեն, որից` 8429.05 տոննա ծիրան, 579.29 տոննա կեռաս, 2.73 տոննա սալոր եւ 847.9 տոննա խաղող:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 6983.62 տոննա պտուղբանջարեղեն, որից 5267.05 տոննա ծիրան, 476.75 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր եւ 326.16 տոննա խաղող:
2011 թվականին տարեկան արտահանվել էր ընդամենը 16884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից 7301.34 տոննա ծիրան:
Հուլիսի 10-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 5648.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 5118.1 պտուղ, այդ թվում՝ 4018.2 տոննա ծիրան եւ 530.6 տոննա բանջարեղեն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 3058.8 տոննա պտուղբանջարեղեն, որից 2681.4 տոննա պտուղ, այդ թվում՝ 615.8 տոննա ծիրան եւ 377.4 տոննա բանջարեղեն:


























