Ներկայում Հայաստանում գործում են բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր: Դրանց մոտ 30%-ը կկրճատվի, իսկ 20-30%-ը կպարզեցվի: Այդ մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար (Հրանտ Բագրատյանի կառավարությունում) Արմեն Եղիազարյանը:
Իրավական ակտերի կրճատումն իրականացվելու է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործելու է 2 տարի: «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետեւյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ավելորդ նորմատիվային ակտերը եւ կրճատել անարդյունավետ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում ներդրվում են պարզեցված կարգավորումներ:
Ա. Եղիազարյանն ասաց, որ գիլյոտին կիրառվելու է հանրային ծառայությունների ոլորտում (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն), տրանսպորտում (առաջին հերթին` տաքսի-ծառայությունների շրջանում), հարկային ու մաքսային ոլորտներում, դեղատնային ու ատամնաբուժական ծառայություններում: Հետագայում գիլյոտինը կընդգրկի նաեւ կրթության եւ այլ ոլորտներ:
Արդեն նախապատրաստվել են առաջարկություններ հեռահաղորդակցության ոլորտում լիցենզիաների կրճատման ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, ներկայում ունի 22 աշխատակից: Աշխատակիցների աշխատավարձը վճարում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, արտասահմանցի փորձագետներին` Համաշխարհային բանկն ու USAID-ն, իսկ ընթացիկ ծախսերը կատարվում են պետական բյուջեից: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է:


























