Տարբեր լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիային ռուսական ռազմանավեր են մոտենում` դեսանտային խմբերով, առնվազն զարմանք են հարուցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ  աղբյուրը, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

«Մեզ զարմանք է պատճառում այդ թեման կրկին շրջանառելու փորձերը: Պարզապես ծիծաղելի է լսել, թե ինչպես են լրատվամիջոցներում լուրեր շրջում, իբր, Սիրիային մոտեցող ինչ-որ նավերի մասին, այն էլ դեսանտային խմբերով»,-ասել է աղբյուրը:

«Մենք թաքցնելու բան չունենք: Ինչպես արդեն հաղորդել է Ռուսաստանի ՊՆ-ն, մեր Հյուսիսային նավատորմի նավերի խումբը դուրս է եկել Սեւերամորսկի բազայից եւ ուղղություն վերցրել դեպի Հյուսիսային Ատլանտիկա: Այնտեղ նրան կմիանա նավերի եւս մի խումբ: Տեղի է ունենում նավատորմի պլանային մշակում, սովորական պլանային մոտեցում է, որը ոչ մի կապ չունի սիրիական իրադարձությունների հետ»,-ընդգծել է նա:

ԱԳՆ-ի աղբյուրը նաեւ նշել է, որ Սիրիային ռուսական Հյուսիսային նավատորմի մոտենալու մասին թեմայի ակտիվ շրջանառության ընթացքում ոչ ոք չի նկատում, որ տարածաշրջանում զորավարժանքներ են անցկացնում արեւմտյան երկրների նավատորմերը:

«Այդ ասեկոսեները հայտնվում են հենց այն պահին, երբ տարածաշրջանում տեղի են ունենում «Սի բրիզ» լայնածավալ ռազմածովային զորավարժությունները` արեւմտյան պետությունների տասնյակ նավերով: Եվ ոչ ոքի մոտ հարց չի առաջանում` ինչու հիմա հենց այս վայրում են մանեւրներ անցկացնում», - ամփոփել է նա:

Միաժամանակ, պետական արբանյակային անգլալեզու «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքը երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հայտարարությունն է փոխանցել` արված իտալացի գործընկեր Ջամպալո դի Պաոլոյի հետ հանդիպման ընթացքում, համաձայն որի «Մոսկվան թույլ չի տա միջամտել Սիրիայի արաբական հանրապետության ներքին գործերին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հյուսիսային, Բալթիական եւ Սեւծովյան նավատորմերի նավերը հուլիսի 10-ին միաժամանակ մտել են Միջերկրական ծով` խնդիրներ կատարելու եւ սիրիական Տարտուս նավահանգիստ մտնելու համար:

Ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, մեծ հականավային «Ադմիրալ Չաբանենկո» եւ երեք մեծ դեսանտային նավեր դուրս էին եկել Սեւերոմորսկից եւ ուղեւորվել Միջերկրական ծով: Հյուսիսային ծովում նրանց է միացել «Բալթիական նավատորմի «Յարոսլավ Մուդրիյ» պարեկանավն ու օգնական նավատորմի նավեր:

Սեւծովյան նավատորմից նրանց միացել են այլ նավեր: Նավատորմիղի ուղեւորությունը կտեւի մոտ 3 ամիս: